Հետևում մնացին լիդերների, մեկ անձի հետևից գնալով իշխանափոխության պահանջներ ներկայացնելու ժամանակները: Ոմանք տարակուսում են` ինչո՞ւ Է քաղաքական դաշտում առաջացել վակուում: Այն էլ` հինգ տարվա բուռն, անզիջում պայքարից հետո (թեև կարճատև պոռթկումներ եղան նաև 2003 և 2004 թթ., ՀՀ Նախագահի ընտրություններից հետո): Օրինաչափ էր: Օրինաչափ էր այն առումով, որ հենց այդ պայքարող, պահանջատեր հասարակության գիտակցությունը փոխվեց շատ արագ: Հիմա արդեն լիդերների ժամանակը չէ: Հիմա մտորելու, բանավեճի ժամանակն է: Եվ ոչ թե` «ում իշխանության տարիներին է ավելի շատ թալան ու կոռուպցիա եղել» թեմայով, այլ ապագայի: Այն ապագա Հայաստանի, որին այլևս սպասելու ռեսուրսներ չեն մնացել: Կամ գրեթե չեն մնացել: Անողոք ու դաժան է եղել իշխանություն-ընդդիմություն պայքարը: Անզիջում ու աղմկոտ: Եվ համատարած աղմուկի մեջ խլացվել են բանավեճի փորձերը: ՈՒ հիմա հասարակությանը ոչ թե թամաշաներ են պետք, ոչ թե հացադուլավոր մահապարտ թեկնածուներ, ոչ թե «Նոր Հայաստան» խոստացողներ և այլք, այլ բանավեճեր: ՈՒ թող հասարակությունը տեսնի, գնահատի պոպուլիզմից անդին, թե ով ինչ է իրենից ներկայացնում, ով է հաղթում ինտելեկտուալ բանավեճերում, ով ինչ է առաջարկում` համակարգային արատներն ի ցույց դնելուց բացի: Թե չէ երկու տասնամյակից ավելի է, ինչ «բուծվել» են բազում-բազմաթիվ կուսակցություններ, որոնց մի մասի լիդերներին էլ հազիվ ենք ճանաչում, անուններն էլ մի կերպ արտաբերում, հասարակական կազմակերպություններ, որոնց «անունը կա, ամանում չկա», կարգախոսներ, որոնք ընտրողներին խաբելու նպատակով հինգ տարին մեկ են ասպարեզ նետվում: Եվ հիմա այդ բազում-բազմաթիվներից ձերբազատվելու ժամանակն է, ինչպես նաև` իրականը կեղծից տարբերակելու: Ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ հասարակական կյանքի մյուս ոլորտներում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ